Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստն է եղել, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին պատմել է նիստի մասին: Ինչպես միշտ՝ Շարմազանովն ասել է՝ ինչ պիտի ասեր. «Գործադիր մարմնին առաջարկվել է փոփոխություններ իրականացնել կուսակցության ծրագրում, այս առաջարկությունները դեռ վերջնական տեսքի չեն բերվել, քննարկումները շարունակվում են։ Շաբաթվա վերջին պարզ կլինի՝ կուսակցության կանոնադրության և ծրագրի հետ կապված փոփոխություններն ինչպիսին կլինեն»: Բնականաբար՝ փոփոխությունները չեն վերաբերում ներքին ու արտաքին քաղաքականությանը։
«Մարդու իրավունքների հետ կապված, ազգային գաղափարախոսության հետ կապված նոր դրույթներ կավելանան, սա դեռևս քննարկման մակարդակում է։ Հանրապետական կուսակցությունը պահպանողական է, և եթե սպասում եք, որ պետք է դառնա լիբերալ կամ սոցիալ-դեմոկրատական, նման բան չի կարող լինել։ Այն զբաղեցնելու է ազգային պահպանության բևեռը։ Մեր ծրագրային փոփոխությունները որոշ առումով կապված են լինելու այն նոր մարտահրավերների ու դերակատարման հետ, որը կունենան այսուհետ ՀՀ քաղաքական կուսակցությունները։ Ոչ թե արմատական փոփոխության ենք ենթարկում, այլ որպես պահպանողական ուժ, հավիտենականի ու մնայունի հիմքի վրա, ավելացնում ենք այն նոր շտրիխները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ աշխատել»,- մանրամասնել է Շարմազանովը։
Սա արդեն սենսացիա է՝ ինչպե՞ս է ՀՀԿ-ն զբաղեցնելու «ազգային պահպանության բևեռը»: Համագումարում սահմանվելո՞ւ է՝ որն է «ազգային պահպանությունը»: Ո՞ր «հավիտենականի ու մնայունի հիմքի վրա» են արդյունավետ աշխատելու շտրիխներ ավելացվելու: Չէ, եթե ՀՀԿ մամլո խոսնակը պիտի ասեր ինչ-որ բառեր՝ ճեպազրույցը լցնելու համար, հիանալի է ասված, բայց եթե ուզում ես հասկանալ, հասկանում ես, որ բավարար մակարդակ չունես՝ ոչ գիտական, ոչ քաղաքական, ոչ պատմական, կամ էլ՝ հասկանալու համար պիտի ՀՀԿ անդամ լինես: Բաց դա չէ զարմանալին: Զարմանալին ՀՀԿ մամլո խոսնակի հորդորն է՝ «Պարոն վարչապետն այս պահին ՀՀԿ-ին անդամագրվելու մասին դիմում չի գրել. երբ գրի, մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք»:
Լավ, հասկացանք, որ վարչապետը թիմի առանցքային ներկայացուցիչ է, բայց շատ տարբեր կարգավիճակներ են որևէ կուսակցության թիմի կուսակցական առանցքային ներկայացուցիչը և անկուսակցական առանցքային ներկայացուցիչը: Այնքան տարբեր, որ միայն խորհրդարանական ընտրություններից հետո կերևա տարբերությունների նշանակությունը, բայց կողմնորոշվել հիմա է պետք: ՈՒ չգիտեմ ինչու՝ ավելի հակված եմ մտածել, որ ոչ թե վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ իրեն պետք է կուսակցակա՞ն, թե՞ անկուսակցական վարչապետ, երբ, միևնույն է, կառավարության գործունեության պատասխանատվությունը կրում է ինքը: Եթե վարչապետը հաջողության է հասնում, ՀՀԿ-ի հաջողությունն է, իսկ եթե ձախողվո՞ւմ է, ՀՀԿ-ին պե՞տք է ևս մեկ ձախողված վարչապետ իր պատմության մեջ: ՈՒ՝ ընտրություններից առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ մամլո խոսնակն ասել է. «Ապրիլյան ընտրություններից հետո, եթե Աստված և մեր ժողովուրդը կամենան, որ մենք հասնենք հաջողության, այն ժամանակ կմտածենք, թե ում թեկնածությունը առաջարկենք»: Խոսքը վերաբերում է վարչապետի թեկնածուին, բայց ուշադրություն դարձրեք ձևակերպումներին՝ «եթե Աստված և մեր ժողովուրդը կամենան»: Դեռ երբեք ՀՀԿ-ն այսքան համեստ չի եղել իր ինքնագնահատականներում: Ոչ էլ այսքան աստվածավախ: Հիմա զարմանա՞ս, թե՞ չզարմանաս: